Ամսագիր Հունիս 2013 Ճանապարհ դնողները

01 Հունիս 2013, 11:36
80 |

Ճանապարհ դնողները

Փորձելով հաղթահարել անձնական հուզմունքն ու անհանգստությունը, նրանք հանգուցյալին վերաբերվում են իբրև իրենց աշխատանքի: Բայց շատերին, ինչպես իրենք են նշում, այդպես էլ չի հաջողվում անմասն մնալ սգավորների ապրումներից ու կորստի ցավից: Չէ՞ որ հենց նրանք են հանգուցյալներին վերջին ճանապարհորդության ճանապարհում:

Հրաչ Հարությունյան

Դիահերձող

1989 թվականի աշունն էր, երկրում ծանր ժամանակներ էին, ստիպված Հանրապետական հիվանդանոցում սկսեցի վարորդ աշխատել: Մի քանի տարի հետո արդեն նոր մասնագիտությամբ էի աշխատում: Բայց բժշկական կրթություն չունեմ՝ նայելով ու պրակտիկա ձեռք բերելով աստիճանաբար սովորեցի դիահերձում կատարել: Հեշտ չի, բայց եթե ամեն օր սարսափով աշխատանքի գայի, կխելագարվեի:
Դուք երևի կազդվեք մահվան հետ կապված թեմաներից, իսկ մեր մասնագիտության տեր մարդիկ` ոչ: Բայց դա բոլորովին չի նշանակում, որ մենք անսիրտ ենք: Շատ է պատահել, որ դիակ են բերել, ու պարզվել է, որ ծանոթ կամ հարազատ մարդ է: Նման դեպքերում չեմ մոտեցել հանգուցյալին: Չի ստացվում դիահերձել մեկին, ում հետ ժամանակին շփվել, զրուցել, մտերմություն ես արել: Երբեմն էլ պատահում է նաև, որ անձնական կորուստի նման ցավում ենք անծանոթ հանգուցյալի համար:
Դիահերձումը տևում է մեկից երկու ժամ` սկզբից մինչև վերջ: Օր է լինում, որ դիակ չի լինում, պատահում է՝ օրական երեքից հինգ դիահերձում եմ կատարում: Հիշում եմ` մի օր եղավ` տասնմեկ դիահերձում կատարեցի:
Կուզենայի, որ մարդիկ հասկանային, որ մեր աշխատանքն էլ հեշտ չի ու մյուս աշխատանքներից ոչ պակաս կարևոր է: Բայց շատ հաճախ է լինում, որ մարդիկ գալիս են այստեղ, վճարում են ու ասում են` «Ի՞նչ եք անում որ, փրթում-գցում եք, դեռ մեզնից էլ փող եք վերցնում»: Դե ոնց բացատրենք այդ մարդկանց, որ այդպես չի:

Նարինե Հունանյան
Դագաղագործ
Ծանոթներս առաջարկեցին ինձ օգնել իրենց՝ ազատ գրաֆիկով աշխատանք էր, կարողացա համատեղել ուսմանս հետ` բժշկական ուսումնարանն եմ ավարտել: Մտածում էի, որ ժամանակավոր այս գործով կզբաղվեմ, բայց արդեն հինգերորդ տարին է աշխատում եմ որպես դագաղագործ: Դագաղ պատրաստելու մեջ ոչ մի տարօրինակ բան չեմ տեսնում՝ մեր ազգի համար է նախապաշարմունք: Բնականաբար, մանկուց չեմ երազել նման աշխատանքով զբաղվել, բայց ամոթ ու տարօրինակ է չաշխատելը:
Սկզբում մի քանի փայտե կտորներ էր առջևս դրված: Որևէ զգացմունք չունեի: Բայց երբ առաջին անգամ դագաղ պատրաստեցի ու վերջնական տեսքը տեսա՝ մարմնովս սարսուռ անցավ: Հետո ինձ տրամադրեցի, որ չպետք է վախով նայեմ այս աշխատանքին:
Ամենադժվար ու բարդ դեպքը երեխայի համար դագաղ պատրաստելն էր: Չուզենալով պատրաստեցի, բայց հաջորդ անգամ հաստատ չեմ անի:
Մի օրվա ընթացքում լավագույն դեպքում մի դագաղ է հնարավոր պատրաստել: Օրինակ՝ այս ամիս երկու դագաղ է վաճառվել: Վերջին 20 օրվա ընթացքում, կարելի է ասել, ոչինչ չեմ արել: Բայց մի կողմից շատ ուրախ եմ, նշանակում է քիչ են մահացողները:
Սա այն աշխատանքը չէ, որ կարող ես ասել՝ հաճելի է շարունակել կամ սերնդեսերունդ փոխանցել: Հույս ունեմ, որ հետագայում ավելի պայծառ մի բանով կզբաղվեմ: Բայց երբեք չեմ թաքցնում մարդկանցից, թե ինչով եմ զբաղվում: Ի վերջո, ամեն մասնագիտության մեջ պիտի որակով աշխատես, իսկ կարևորը` լավ մարդ լինես:

Գոհար Ավետիսյան
Ծաղիկների տաղավարի աշխատող
1986 թվականից այստեղ եմ աշխատում: Սկեսուրս ու սկեսրայրս նույնպես ծաղիկների գործով էին զբաղվում, ես էլ միացա նրանց: Հիմնականում սգո առիթների համար ծաղկեպսակներ ենք պատրաստում: Ամեն օր առավոտվա ժամը ութին գալիս ենք խանութ, ստանում, դասավորում ենք ծաղիկներն ու սկսում ձևավորումը: Ունենք դիզայներներ, միասին ենք աշխատում: Ծաղկեպսակի երկաթե պատվանդանը շաբլոն է, վրան հավաքում ենք ծաղիկները: Պատվանդանի շաբլոնները տարբեր են` կլոր, սրտաձև, խաչաձև. ընտրությունը պատվիրատուինն է: Տարիներ առաջ այդ պատվանդանը փայտից էր, հետո կատարելագործվեց, ոտքեր ավելացան: Այս ձևը ժամանակին Սիրիայից է եկել մեզ մոտ: Ի դեպ, նրանց մոտ նման ծաղկեպսակներ հարսանիքների համար էին պատրաստում, իսկ մեզ մոտ սգո արարողությունների համար նախատեսված դարձան: Ծաղիկների կոնկրետ գույներ չկան, որ հենց մահացածների համար են նախատեսված: Բայց ընդունված է, որ բաց գույների ծաղիկները հիմնականում տարիքով երիտասարդ հանգուցյալների համար են, մուգերը` տարեցների:
Բարդ է ծաղկեպսակ պատրաստել, նամանավանդ, եթե մահացողը ծանոթ է: Դեպքեր են լինում, երբ լացելով ենք պատրաստում: Չնայած որ ծաղիկների հետ ենք աշխատում` գեղեցիկ, նուրբ, վառ գույներով, բայց ամբողջ ներաշխարհը խառնվում է: Երբ մահացածի նկարներն են բերում ծաղիկներով զարդարելու համար, հաճախ կտորով փակում ենք դեմքը, որովհետև չենք կարողանում աշխատել, հատկապես եթե երեխա է: Թվում է, թե մեր աշխատանքը շատ հեշտ է, բայց իրականում բավականին ծանր է:

Կարդացեք հոդվածը ամբողջությամբ՝ PDF ձևաչափով